ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր  վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող  քրեական գործով նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հրանտ Մ.-ն,  2009 թ. հունվարից մինչեւ 2010 թ. մայիսն աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության Երեւան քաղաքի «Խորհրդային-2» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում, պարզել է ՀՀ-ից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները եւ օգտվելով այդ հանգամանքներից, 2009 թ. ընթացքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում կեղծելով 6 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել եւ պետությունից յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 1.073.332 դրամ կենսաթոշակի գումարները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված գումարներից 70.088 դրամ կենսաթոշակի գումարը Հրանտ Մ.-ի կողմից կեղծիք կատարելու միջոցով յուրացնելուն օժանդակել է նույն բաժանմունքի տեսուչ-վճարող, 1963 թ. ծնված  Սեյրան Փ.-ն:

Քրեական գործով որոշումներ են կայացվել Հրանտ Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, իսկ Սեյրան Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 38-325 հոդվածի 1-ին մասով եւ 38-179 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չիրականացնելու մասին` քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Հրանտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է: