Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքորոշումը հստակ է եւ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ իրենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից են եւ գտնում են, որ անթույլատրելի է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, ինչպես նաեւ նախապայմանների առաջ քաշումը:
«Գտնում եմ, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Երբ նրանք պատրաստ կլինեն ապաշրջափակել Հայաստանի սահմանը, առանց նախապայմանների խոսել, այս հարցը չկապել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հետ, այդ ժամանակ միգուցե որոշակի առաջընթաց կլինի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ խաղաղության մասին կոչեր անելու փոխարեն շատ ավելի օբյեկտիվ կլիներ, եթե թուրք գործընկերներն անեին այն քայլերը, ինչը սպասում է միջազգային հանրությունը:




























