Շատ ավելի շահեկան կլինի, որ ընդդիմադիրների քննադատությունը լինի առարկայական եւ հիմնավորված:Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ընդդիմադիրներին այն մեղադրանքին, թե Մաքսային միության ճանապարհային քարտեզը գաղտնի է պահվում:
Նրա խոսքով՝ ընդդիմադիրների բան ու գործը պետք է լինի քննադատելը: «Երբ ճանապարհային քարտեզը հաստատվի եւ հրապարկվի, դրանից հետո ԱԺ-ն մյուս տարվա ընթացքում կքննարկի բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սերտորեն կապված են Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցմանը: Այն ժամանակ բոլոր ընդդիմադիր եւ իշխանական ուժերը հրապարակային կներկայացնեն իրենց տեսակետները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ դա է ընդունված ճանապարհը, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս:
Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, թե նախագահը նշել էր, որ այն կառավարությունը, ոչը 7,5 տոկոս աճ չի ապահովի, պետք է հրաժարական տա, այնինչ 5,8 տոկոս է ապահովել, Շարմազանովն ասաց. «Այդ հարցերը չի քննարկվել: Պարոն նախագահը կառավարությանը իջեցրել է քաղաքական պատվեր եւ ցանկացած կառավարություն պետք է ձգտի այդ պատվերի իրականացմանը: Բայց բյուջեում մեր մոտ նախատեսված է 5 տոկոս: Այդ իմաստով նմանատիպ հայտարարությունները շահարկման առարկա դարձնելը այդքան էլ տեղին չէ: Մեր օրակարգում կառավարության փոփոխության հարց չկա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:





























