Շաքարավազն ազդում է մարդու ուղեղի վրա, ինչպես թմրանյութը կամ ալկոհոլը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները՝ հենվելով հետազոտության արդյունքների վրա, որն անց է կացվել միջնակարգ դպրոցի աշակերտների շրջանում: Երեխաներին կաթից քաղցր կոկտեյլներ էին տալիս եւ ըմպելիքը խմելու ընթացքում հետեւում նրանց ուղեղի ակտիվությանը: Ընդ որում ըմպելիքների մի մասը մեծ թվով շաքարավազ էր պարունակում եւ ուներ ցածր յուղայնություն, իսկ մյուս մասը ՝ հակառակը:

Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի հաճույքների կենտրոնն առավել ակտիվանում էր ավելի քաղցր ըմպելիքների օգտագործման ժամանակ: Այդ կերպ փորձագետները պնդում են՝ որքան  շատ է մարդն օգտագործում շաքարավազ, այնքան ուժեղանում է նրա կախվածությունն այդ սննդամթերքից, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Բացի այդ, գիտնականներն ընդգծել են, որ բարձր յուղայնությամբ ու քաղցր սննդամթերքը ակտիվացնում է ուղեղում հաճույքի նույն կենտրոնները, ինչպես թմրանյութի եւ ալկոհոլի դեպքում: Ահա թե ինչու դիետաներին հետեւող անձինք արագ հիասթափվում են ճիշտ սնունդից եւ վերադառնում են նախկին կենսակերպին: