Դեկտեմբերի 17-ին, ժամը 19:20-ի սահմաններում, ոստիկանությունը Հանրապետության հրապարակից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայությամբ տեղի ունեցող գլխավոր տոնածառերի լույսերի հանդիսավոր միացման արարողության ժամանակ բերման է ենթարկել «Նախախորհրդարանի» աջակիցներ Գևորգ Սաֆարյանին և Արմեն Միքայելյանին:
Այս մասին NEWS.am-ին ասաց Գևորգ Սաֆարյանը, որն այժմ ոստիկանության Կենտրոնի բաժնում է։ «Ինձ առանց որեւէ բան ասելու, քաշքշելով, խփելով, հայհոյելով նստեցրին մեքենան ու բերեցին Կենտրոնի բաժին, մինչեւ հիմա ինձ չեն ասել, թե ինչու են բերման ենթարկել»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը։
Գեւորգը պատմեց, որ իրենք գնացել էին Հանրապետության հրապարակ Տարոն Մարգարյանի հետ «Փակ շուկայի» վնասման եւ այն վերականգնելու՝ քաղաքապետի պարտականության վերաբերյալ խոսելու: «Ես ուղղակի բարձրախոսով ասում էի, որ ինքը հանցավոր լռություն է պահպանում` չնկատելով «Փակ շուկայում» տեղի ունեցող ապօրինությունները, եւ այն, որ իր գալը հրապարակ ուղղակի մարդկանց աչքերին թոզ փչել է»,- պատմեց Գեւորգը:




























