Ոստիկանները ավելի քան 20 ապօրինի ներգաղթյալների են ձերբակալել Մերձմոսկվայի նորակառույց շենքերի «ռետինե» բնակարաններում շուրջկալի ժամանակ: Շուրջկալը տեղի է ունեցել Միգրանտների միջազգային օրը: «Հակակրիմինալ» անվանումը կրող գործողության շրջանակներում ոստիկանները ստուգել են «ռետինե» բնակարանները, որտեղ բազմաթիվ մարդիկ են գրանցված: Գործողությունն իրականացվել է առավոտյան ժամը 5-ին, որպեսզի բոլորը տանը լինեն:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ապօրինի ներգաղթյալները նախընտրում են բնակարաններ վարձել Մերձմոսկվայի նորակառույցներում: Երեքսենյականոց բնակարանում հանգիստ կարող են տեղավորվել 10-15 մարդ, որոնցից յուրաքանչյուրը տանտիրոջը վճարում է 5 հազար ռուբլի:
Ձերբակալվածներն աշխատանքի եւ բնակարան վարձելու իրավունք չեն ունեցել, հաղորդում է Lifenews.ru-ն:
Բացի կովկասցիներից ու միջինասիացիներից, ձերբակալվածների մեջ եղել են նաեւ աֆրիկացիներ, որոնց ձեռքին եղել է միայն իրենց ծննդյան վկայականները եւ անձնագրի պատճենը: Նրանք պնդել են, որ իրենց բոլոր փաստաթղթերը նորմալ են, բայց կորցրել են դրանք: Եթե նրանց խոսքը չհաստատվի, նրանց սպառնում է մինչեւ 5 հազար ռուբլի տուգանք եւ արտաքսում Ռուսաստանից:





























