Վրաստանում, Ծկալտուբոյի շրջանի Գեգութի գյուղում գտնվող թիվ 14 քրեակատարողական հիմնարկում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավելի քան 900 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել: Այս մասին հայտարարել է պատիժների կատարման, իրավաբանական օգնության հարցերի նախարար Սոզար Սուբարին:
Նրա խոսքով՝ բանտարկյալները բողոքում են արդարադատության թերությունների հարցերով հանձնաժողովի ստեղծման գործընթացը դադարեցնելու դեմ եւ պահանջում են վերանայել իրենց գործերը:
Միաժամանակ, նրանցից ոմանք պահանջում են վերացնել Վրաստանի քրեական օրենսգրքի 223-1 հոդվածը («գողական աշխարհի» անդամություն եւ «օրենքով գող»), հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
«Այսօր Գեգութիում ուղիղ 909 մարդ հացադուլ են հայտարարել: Մենք առավելագույնս ուշադրություն կդարձնենք նրանց, բայց այլ բան անել չենք կարող: Հանձնաժողովի հետ կապված մենք հայտարարել ենք, որ աշխատում ենք այդ ուղղությամբ: Իսկ նրանք, որոնք բողոքում են 223-1 հոդվածի դեմ, իզուր են հացադուլ հայտարարել, քանի որ քաղաքականությունը չի փոխվելու: Ես ուղիղ եմ ասում, շատ խիստ եւ հստակ. Դա կառավարության քաղաքականությունն է»,-հայտարարել է Սուբարին:




























