Մելբուռնի Մոնտ Ալբերտ տարրական դպրոցում որոշել են պայքարել մանկական գիրության եւ ալարկոտության դեմ՝ կազմակերպելով աշխարհում առաջին դասերը, որոնք անցկացվում են ոտքի վրա, հաղորդում է Science Alert-ը: Մասնագետների խոսքով՝ այդ նորարարությունը նպաստում է ուսման գործընթացին, գումարած, դա իդեալական տարբերակ է հիպերակտիվ երեխաների համար: Այդպես նրանց համար ավելի հեշտ է կենտրոնանալ ուսման վրա:
Նորարարությունը վերաբերում է 6-րդ դասարանցիներին: Երկու ամիս առաջ դասարանում բարձր սեղաններ են տեղադրել, որի դիմաց կարելի է եւ նստել, եւ կանգնել: Աշակերտների մեծ մասը նախընտրում են կանգնած մնալ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Հաջորդ տարվա առաջին 8 ամիսներին երեխաներին ուշադիր կհետեւեն: Գիտնականները ցանկանում են հասկանալ, թե այդ միջոցը կարո՞ղ է բարելավել երեխաների առողջությունը, ֆիզիկական վիճակը, հիշողությունը եւ սովորելու ունակությունը: Դպրոցականներին սենսորներ են բաժանել, որոնց օգնությամբ հետեւում են, թե նրանք որքան ժամանակ են նստում կամ կանգնում:





























