Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւում Հայաստանի համար երկու շատ վտանգավոր դրույթներ կան, որոնց մասին Երեւանում, չգիտես ինչու, չեն խոսում. Դա Սեւծովյան միության ստեղծման առաջարկն է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիական մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու առաջարկն է: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ֆրանսիական մանդատը փոխարինելու առաջարկը, ըստ պատգամավորի, կարող է հանգեցնել համանախագահի ռոտացիայի՝ Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Գերմանիայի, Բուլղարիայի ներկայացուցիչներից: «Իսկ մենք հրաշալի գիտենք, թե ինչ է նշանակում այդ երկրների համանախագահությունը»,- ասել է Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ այդ դրույթների վտանգավորությունն այն է, որ բացի Ադրբեջանից ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատը կասկածի տակ է դնում նաեւ Եվրախորհրդարանը:
Ինչ վերաբերում է Սեւծովյան միությանը, այստեղ առանցքային դեր են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան: «Թե ինչ է նշանակում հայ ժողովրդի համար ռուս-թուրքական տանդեմը, մենք գիտենք պատմությունից: Այնպես որ նման միության ստեղծումը հակասում է Հայաստանի շահերին»,- նկատել է Հովհաննիսյանը: Նա նշել է, որ ԵՄ-ն, նման կառույցի ստեղծման օգտին քարոզելով, ցանկանում է իրենից վանել Թուրքիային:
Հաշվի առնելով բոլոր սպառնալիքները՝ Վահան Հովհաննիսյանը կոչ է արել պաշտոնական Երեւանին առավելագույն ջանքեր գործադրել՝ կանխելու ԵՄ բանաձեւի իրականացումը:



























