Եկատերինբուրգում հունիսի 2-ին կմեկնարկի ԱՊՀ երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների խորհրդի (ԱՀԾՄԽ) ղեկավարների նիստը։ Նիստի մասնակիցները կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության կատարելագործման ուղիները՝ կապված ետխորհրդային երկրներում միջուկային եւ ծայրահեղական դրսեւորումների կանխարգելման հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի ներկայացուցիչը։
Բացի այդ, ԱՀԾՄԽ մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների շրջանում 2008-2010 թվականների ընթացքում հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագրի, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի ոլոտում ԱՊՀ երկրների համագործակցության ընթացքը։ ԱՀԾՄԽ անդամները միաժամանակ կմշակեն հատուկ ծառայությունների համագործակցության ակտիվացմանը միտված միջոցներ՝ մաքսանենգության, այդ թվում եւ երկակի օգտագործման եւ նշանակության ռազմամթերքի փոխադրման ոլորտում։
Նիստի մասնակիցները միաժամանակ կմասնակցեն հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված միջոցառումներին։ ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ՝ 2010 թվականը հայտարարված է հայրենական պատերազմի մասնակիցների տարի։
Խորհրդի հերթական՝ 29-րդ նիստը, ըստ ամենայնի, տեղի կունենա այս տարվա աշնանը՝ Տաջիկստանում։


























