Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում խորհրդատվական հերթական այցով մայիսի 24-ից հունիսի 2-ը Հայաստանում է գտնվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի հետ քննարկումներն ուղղված են եղել պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ամփոփմանը եւ 4-րդ փուլի իրականացման մեթոդաբանության քննարկմանը: Անցկացված խորհրդակցություններին մասնակցել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ու առանձին բաժինների ներկայացուցիչները:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում փորձագիտական խումբն իր նախնական դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովին: Աշխատանքների արդյունքները փորձագիտական խմբի անդամները հունիսի 2-ին ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել միջազգային փորձագետների կողմից մինչ օրս ցուցաբերված օժանդակությունը եւ ընդգծել է այդ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը: