ԶԼՄ-ներում կառավարող կոալիցիայի տարաձայնություների մասին հրապարակումները այլ բան, քան պարզունակ, անվանել չի կարելի, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ ուղղակի ապշեցնում է այն ուժերի պարզունակությունը, որոնք տարածում են նմանօրինակ լուրեր՝ հուսալով ինչ-ինչ ներքաղաքական գործընթացներ հրահրել: Դա հին եւ ոչ այնքան արդյունավետ տրյուկ է»,- հավաստիացրել է Զոհրաբյանը՝ չբացառելով հնարավորությունը, որ տեղեկատվության արտահոսքը լինում է հենց իշխանական ճամբարից: Նաիրա Զոհրաբյանը ընդգծել է, թե նման մեքենայությունները հատկապես անարդյունավետ են «Բարգավաճ Հայաստանի» դեպքում: Նրա խոսքով, ԲՀԿ-ն պահպանում է խաղի բոլոր կանոնները կառավարող կոալիցիայում, անգամ եթե որոշ հարցերում տարաձայնություններ ունի կոալիցիոն այլ կուսակցությունների հետ:
Նաիրա Զոհրաբյանը հերքել է նաեւ լուրերը, թե «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ, իբր, «հետապնդումներ» են սկսվել հարկային ճնշումների տեսքով: «ԲՀԿ-ն այնքան թույլ չէ, որ «բռնաճնշումների» թիրախ դառնա: Մեր տնտեսվարողների ձեռնարկություններում ժամանակ առ ժամանակ հարկային ստուգումներ են անցկացվում՝ համաձայն օրենքի, եւ դրանում արտառոց որեւէ բան չկա»,- նշեց պատգամավորը:
ԲՀԿ ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել նաեւ ԲՀԿ-ի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կապի եւ ներքաղաքական գործընթացների վրա նրա ունեցած դերի մասին տեղեկություններին: «Ես կցանկանայի, որ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցերին պատասխաներ նրա մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը»,- ամփոփեց Զոհրաբյանը:


























