Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը անչափ մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի ձերբակալությամբ: Այս մասին նրանք հաղորդագրություն են տարածել, որտեղ նշվում է, որ մայիսի 31-ին Երեւանի Ազատության հրապարակի շրջակայքից բերման ենթարկված 17 անձանց թվում եղել են երեք լրագրողներ, որոնցից երկուսը հետագայում ազատ են արձակվել, իսկ Անի Գեւորգյանը ձերբակալվել է:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութը եւ «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Աննա Հակոբյանի վկայությունները, արժանահավատ չի համարում ոստիկանության պնդումները, թե Անի Գեւորգյանը իրավապահի նկատմամբ բռնություն է կիրառել, եւ կոչ է անում ազատ արձակել լրագրողին: Հաղորդում է «Ազատություն»-ը:


























