«ՎԿոնտակտե» սոցցանցի որոշ էջերում ծայրահեղական գործունեության «կոչեր» են պարունակվում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Գլխավոր դատախազությունը:

Աղբյուրը նշում է, որ Գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել է սահմանափակել  այդ էջերի հասանելիութունը: «Դիտարկման ընթացքում հայտնաբերվել է, որ սոցցանցի  ռուսալեզու  7 էջերում ազատ տեղադրված են ծայրահեղական եւ ահաբեկչական գործունեություն իրականացնելու կոչեր պարունակող նյութեր, որոնք հասանելի են անսահմանափակ քանակությամբ անձանց համար», - մեջբերում է թերթը Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւայի հայտարարությունը:

Իրավապահները նաեւ հայտարարում են, որ նշված ռեսուրսներում տեղադրված են  ահաբեկիչներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու կոչեր` բջջային հեռախոսահամարների եւ այլ վճարային հաշիվների նշումներով:

Թերթը նշում է, որ  ամենից հաճախ վիրտուալ ծայրահեղական միավորումներ ստեղծվում են հենց «ՎԿոնտակտե»-ում: Վերջին կես տարում արգելափակվել է շուրջ 450 էջ: