Գյումրիում, բնակարանամուտի նախաշեմին գտնվող բազմաթիվ քաղաքացիներ, ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի, բողոքում են, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված բնակարաններում ջրի եւ գազի բացակայության պատճառով խնդիրներ են առաջացել նորակառույց բնակարաններ տեղափոխվելու հարցում:
Այս առնչությամբ, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հուլիսի 14-ին բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, որից հետո ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը բաց նամակով պատասխանել է, որում մասնավորապես նշվում է. «Աղետի գոտու նորակառույց բնակարաններում տեղադրվել են գազօջախներ, լվացարանակոնքեր, լողախցիկներ, գազօջախներ, ջեռուցման համակարգեր, ապահովելու նորմալ կոմունալ-կենցաղային պայմաններ:
Հաշվի առնելով նոր բնակարան ստացած շատ ընտանիքների տնտեսական ոչ բարվոք պայմանները, «Գլենդել Հիլզ» ընկերությունը սեփական միջոցների հաշվին հոգացել է գազի եւ էլեկտրական հաշվիչների եւ գազօջախների արժեքը ու միացման ծախսը, ուստի բնակիչը ընդամենը պետք է դիմի համապատասխան ծառայություններին` պայմանագիր կնքելու համար: Իրավասու ծառայություններն արդեն սկսել են կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը` չսպասելով բնակարանների սեփականության վկայականների ստացմանը»:
Այս առնչությամբ «Շիրակ կենտրոն»-ը իր գոհունակությունն է հայտնել, որ քաղաքաշինության նախարարը, ի տարբերություն մարզային եւ տեղական իշխանությունների, արձագանքել եւ ահազանգից անմիջապես հետո լուծել է մի շարք կարեւոր խնդիրներ, մասնավորապես, փոփոխության ենթարկելով նախկին որոշումը, հնարավորություն է ընձեռնվել բնակարանները ապահովել ջրով եւ գազով` նախքան քաղաքացիների կողմից բնակարանների սեփականաշնորհումը:
«Թեեւ բնակարանների բաշխման ներկայիս գործընթացը, ի տարբերություն նախորդ տարիների, կազմակերպվեց արդարացի եւ թափանցիկ, սակայն աղետի գոտում իրականացվող բնակարանների շահագործման ժամանակ միշտ էլ ի հայտ են գալիս մարդիկ եւ կազմակերպություններ, որոնք փորձում են, այսպես ասած «պղտոր ջրում ձուկ որսալ»: Առայժմ նման դեր կարծես թե ուզում է ստանձնել Շիրակ ջրմուղկոյուղու մասնաճյուղը: Թեեւ բնակարանների սեփականաշնորհման, բոլոր տեսակի հաշվիչների եւ դրանց տեղադրման վճարները կատարված են պետբյուջեի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին, այնուամենայնիվ այդ կազմակերպությունը մի իսկական քաոս է ստեղծել՝ պահանջելով չպատճառաբանված գումարներ»,- ասված է «Շիրակ Կենտրոն»-ի հայտարարության մեջ:




























