Ազգային վիճակագրական ծառայության շտապ հավաքագրված օպերատիվ (նախնական) տվյալների համաձայն՝ Հայաստանն առաջին կիսամյակը փակել է 6,7 տոկոս տնտեսական աճով։ Փաստորեն՝ առկա է աճի տեմպի դանդաղում, քանի որ հունիս-մայիսին տնտեսական աճը 8,8 տոկոս էր։ Փոխարենը արդյունաբերական աճի տեմպը պահպանվել է եւ կազմում է 12,3 տոկոս (առանց էլեկտրաէներգիայի արտադրության)։
Տնտեսական աճի տեմպի դանդաղելու հիմնական պատճառը գյուղատնտեսությունն է, որտեղ անբարենպաստ եղանակների պատճառով արձանագրվել է 13,1 տոկոս անկում։ Տնտեսության մյուս ճյուղերում պահպանվում են չափավոր աճի տեմպեր։ Այսպես՝ շինարարությունն աճել է 4,1 տոկոսով, ծառայությունները՝ 6,1 տոկոսով, մանրածախ առեւտրաշրջանառությունը՝ 0,7 տոկոսով։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս նաեւ միջին աշխատավարձի 7,9 տոկոս աճ։ Միջին աշխատավարձը հուլիսի 1-ի դրությամբ 103.9 հազ. դրամ է (մոտ 285 դոլար), որից՝ պետական հատվածում՝ 84,5 հազ. դրամ (մոտ 230 դոլար), իսկ մասնավոր հատվածում՝ 130,8 հազ. դրամ (մոտ 360 դոլար)։
Առաջին կիսամյակում արտաքին առեւտրի հաշվեկշիռը շարունակել է վատթարանալ եւ հասել է 1,28 մլրդ դոլարի, այնինչ 5 ամիսների կտրվածքով այն 1 մլրդ դոլար էր։ Արտահանումը կազմել է 442 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 1,72 մլրդ դոլար։




























