Վերջին ամիսներին ՀՀ տնտեսության մեջ ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսօր` հուլիսի 22-ին ասուլիսում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ թեեւ թվերը վկայում են աճի մասին, սակայն ոչ մի լուրջ բեկում չկա:
«Այս տարվա առաջին կիսամյակում ողջ աշխարհում նկատվում է կայուն տնտեսական աճ: Այնպիսի ամերիկյան գիգանտներ, ինչպիսիք են NASDAQ-ն ու Dow Jones-ը, այսօր, փաստացի վերադարձել են իրենց նախաճգնաժամային մակարդակին, այսինքն գտնվում են նույն վիճակում, ինչ 2008-ին: Եվրոպական տնտեսությունում նկատվող վերջին հուզումները հանդարտվել են եւ ողջ աշխարհում նկատվում է կայուն աճ, որը այս կամ այն չափով կախված է այդ երկրների յուրահատկություններից»,- ասաց Ասատրյանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Չինաստանի զարգացման վրա: «Այնտեղ, վերջին տվյալներով, ՀՆԱ աճը կազմել է 11 տոկոս: Եվրոպական երկրների տնտեսական ցուցանիշները ավելի համեստ են»,- ասաց նա՝ ընդգծլով, որ մինչ օրս ակտիվորեն շարունակվում են հակաճգնաժամային միջոցառումները, որոնք ուղղված են տարբեր երկրների տնտեսությունների կայունացմանը:
«Այդ գործոնները այս կամ այն չափով ազդում են ՀՀ տնտեսության վրա: Անցած կես տարվա ընթացքում մեր երկրի տնտեսական աճը կազմել է 6,6 տոկոս, սակայն արժե նշել, որ մայիսի վերջին այն կազմել է ավելի քան 8 տոկոս: Դա վկայում է աճի տեմպերի զգալի դանդաղեցման մասին»,- նշեց Բ. Ասատրյանը՝ դա համարելով պարադոքս:
«Պաշտոնապես այդ անկումը կապում են գյուղատնտեսական ոլորտի հետ, սակայն տարվա սկզբից, դատելով թվերից, այդտեղ նկատվում է որոշակի աճ, որը «հանգեցրել է» ակնթարթային անկման հունիսին»,- ասաց նա՝ նկատելով, որ հունիսին ոչ մի այնպիսի բան տեղի չի ունեցել, որը բերեր նման խնդիրների: «Տվյալները ճիշտ չեն, այդպիսի աճ լինել չէր կարող: Ասեմ ավելին, այսօր գյուղատնտեսությունը Հայաստանում մեռած է: Այս տարի ծիրանի գինը 5 անգամ բարձր է անցած տարվա գնից եւ դա աննորմալություն է: 90-ականներին հողային բարեփոխումներից հետո, 20 տարվա ընթացքում ոչինչի չի արվել այդ ռազմավարական կարեւորության ոլորտում իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Ոչ ոք չի մտածում, որ դրա արդյունքում այսօր գյուղերում նստած են մոտ 1 միլիոն պոտենցիալ արտագաղթողներ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում ուղղակի կփախչեն երկրից: Պետք է դրանով զբաղվել»,-ասաց նա:
Ամփոփելով իր խոսքը՝ ԿԲ նախկին ղեկավարն ընդգծեց. «Մի քանի մարդ. սա է ամբողջ Հայաստանի տնտեսությունը: Այս երկիրը ինձ համար չէ եւ ձեր համար չէ: Այս երկիրը առավելագույնը 2 հազար հոգու համար է: ՀՀ քաղաքացին իր ողջ կյանքի ընթացքում ենթարկվում է ավտորիտար, տնտեսական ու սոցիալական ճնշման՝ բոլոր ոլորտներում: Եթե անգամ աճը 5 անգամ ավելի լինի, դուք դա չեք զգա, քանի որ այն ձեզ համար չէ»:




























