Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 23-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ մրցանակներ ու վկայագրեր է հանձնել հաղթողներին:
Մրցույթի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը նշել է. «Ցանկանում եմ, որ միշտ լինեք այսքան առողջ, առույգ, ճարպիկ եւ ուժեղ: Տպավորություն ունեմ, որ բոլորին թվում է` իրենք են հաղթել: Սա շատ լավ մթնոլորտ է: Այսպիսի միջավայրում մեծացած երեխաները ճիշտ մանկություն են ունենում եւ, որպես կանոն, այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները դառնում են հասարակության արժանի անդամներ: Եթե մենք ասում ենք, որ մեր գլխավոր հարստությունը մարդն է` առաջին հերթին մենք պետք է աշխատենք, որ այդ մարդը լինի առողջ: Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների ու պայքարի, առողջ մարդը միշտ ունակ է հասնելու հաջողությունների: Ցանկանում եմ, որ Հայաստանում ամեն տարի շատանան մարզական ընտանիքները, որ տեսանելի ապագայում մենք խոսենք ոչ թե հարյուրավոր ընտանիքների մասին, այլ` հազարավոր, որովհետեւ առողջ միջավայրում միշտ ծնվում է առողջ միտք: Շնորհավորում եմ եւ մաղթում ձեզ` հաջողություններ»:
Մրցույթի կազմակերպիչները ՀՀ նախագահին տեղեկացրել են, որ այս տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցողների թիվը կրկնակի ավելացել է: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբով: Այս նոր ձեւը, կազմակերպիչների հավաստմամբ, զգալիորեն մեծացրել է առողջ ապրելակերպի եւ ամենամյա մրցույթին մասնակցության նկատմամբ ընտանիքների հետաքրքրությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում:
Հաղթող ընտանիքներն ստացել են վկայագրեր եւ դրամական պարգեւներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում այցելել է նաեւ նորակառույց «Ռոսիա» հյուրանոցային համալիր, որի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է միջազգային չափանիշներին համապատասխանող այդ համալիրի պայմաններին:




























