«Հայաստան» համահայկական հիմնադրամը հուլիսի 26-ին բացել է Տավուշի մարզի Դիտավան գյուղի խմելու ջրի նորակառույց համակարգը (շուրջ 97 մլն դրամ արժողությամբ): Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադրամի մամուլի ծառայությունից, ծրագիրը հովանավորել են Հիմնադրամի բարերար անդամ արգենտինահայ ամուսիններ Արմէն եւ Նատիա Էքսերճիէանները:

Նորակառույց համակարգի շնորհիվ շուրջ 120 տնտեսություն ունեցող գյուղն արդեն իսկ ունի շուրջօրյա ջրամատակարարում: Համակարգը բաղկացած է 2,5 կմ երկարությամբ ջրագծից, 3,5 կմ երկարությամբ ներքին ցանցից, 100 քմ  տարողությամբ ջրամբարից եւ երկու կապտաժից:

Բացման արարողությունից հետո Հիմնադրամի աշխատակիցները համայնքի գրադարանին են փոխանցել անհատ բարերարներ Սաֆրազբեկյան ամուսինների նվիրաբերած  415 կտոր գիրքը:

Նշենք, որ 2009-2010թթ. ընթացքում Հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում Դիտավանում լուծվել են գազի, խմելու եւ ոռոգման ջրի հարցերը, գյուղացիները ձեռք են բերել համայնքային կենտրոն, ուր տեղավորված են գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը եւ հանդիսասրահը: