2011-2013-ի համար նախատեսված ծախսային ծրագրի շուրջ թերթը զրուցել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ: 

Ներկայացնում ենք մի հատված այդ զրույցից:

-Շատերին է հետաքրքրում, թե ի՞նչ է նախատեսվում եկող տարիներին թոշակների եւ նպաստների մասով:

- Ասեմ, որ սա պահպանողական սցենար է եւ չեն բացառվում փոփոխությունները: Ընտանեկան նպաստների միջին ամսական չափը 2010-ի բյուջեով նախատեսված է 23350 դրամ, 2011-2013-ին նախատեսվում է, որ կլինի 26850 դրամ: Կենսաթոշակի միջին ամսական չափը հիմա 25730 դրամ է, հաջորդ տարի նախատեսված է 28290 դրամ, 2013-ին կհասնի 30900 դրամի:

- Որո՞նք են ծախսային ծրագրի մյուս առաջնահերթությունները:

- Մյուս առաջնահերթությունը, բնականաբար, պաշտպանական ծախսերն են, որին է ուղղվում ՀՆԱ-ի 3,5 տոկոսը: Գիտության համար նախատեսված գումարները հաջորդ տարի ավելանալու են 1 մլրդ դրամով, իսկ 2012-ին եւս 500 մլն դրամովՙ ավելի, քան 2011-ին, 2013-ին եւս 1 մլրդ դրամով ավելի, քան 2012-ին: Թեեւ մեզ համար գերակայություն չէ, բայց պարտադրված ենք նաեւ ներքին եւ արտաքին պարտքի սպասարկման համար գումարները ավելացնել: 2011-ին այդ ուղղությամբ ծախսերն ավելանալու են շուրջ 13 մլրդ դրամով, որից 6 մլրդ դրամը արտաքին պարտքի բաժինն է, 7 մլրդ դրամըՙ ներքինՙ գանձապետական պարտատոմսերի սպասարկման բաժինը: 2012-ին միջազգային պարտքի սպասարկումը նախորդ տարվա համեմատ ավելանալու է 877 մլն դրամով, իսկ ներքին պարտքինըՙ 3,6 մլրդ դրամով, 2013-ինՙ միջազգային վարկերի սպասարկման գծով ավելացում չունենք, իսկ ներքին պարտքի սպասարկումը ավելանալու է 4,2 մլրդ դրամով:

- Ի դեպ, բյուջեի դեֆիցիտի ի՞նչ ցուցանիշներն են ծրագրվում առաջիկա երեք տարիների համար, նկատի ունենալով, որ այն վերջին մեկ-երկու տարում էապես ավելացավ:

- Բյուջեի դեֆիցիտը միջնաժամկետ ծախսային ծրագրով ներկայիս 6 տոկոսից 2013-ին իջնելու է մինչեւ 4 տոկոս: Մասնավորապես, հաջորդ տարի լինելու է 4,9 տոկոս, 2012-ինՙ 4,3 տոկոս: Սակայն նպատակ ունենք ավելի ցածր դեֆիցիտ ունենաքՙ 2013-ին մոտ 2 տոկոս: Միաժամանակ նշեմ, որ դեֆիցիտը նվազեցումը չի կատարվելու ծախսերի կրճատման միջոցով, այլՙ եկամուտների ավելացման միջոցով: Այս տարվա 935 մլրդ դրամի դիմաց, եկող տարի բյուջեի ծախսային մասը կլինի 1 տրլն դրամ, 2012-ինՙ նույնքան եւ 2013-ինՙ 1,1 տրլն դրամ: Եկամուտները ներկայիս 742 մլրդ դրամի դիմաց եկող տարվա բյուջեում լինելու է 833 մլրդ դրամ, 2012-ինՙ 882 մլրդ դրամ, իսկ 2013-ինՙ 964 մլրդ դրամ: Այս ցուցանիշներից երեւում է, որ դեֆիցիտը նվազեցվելու է եկամուտների ավելացման ճանապարհով: