Օդերեւութաբանների կանխատեսած հորդառատ անձրեւների պատճառով մոտակա օրերին Անգլիայի եւ Ուելսի բոլոր շրջաններում սպասվում են հեղեղումներ, այդ թվում նաեւ՝ ավտոճանապարհներին։
«Ինչպես այս ամռանն արդեն պատահել է, նման եղանակը կարող է անսպասելի տեղային հեղեղումների պատճառ դառնալ եւ բարդացնել փոխադրամիջոցների տեղաշարժը։ Եղանակային պայմանների վատացման մասին զգուշացումներն ուժի մեջ են հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Ուելսի եւ Անգլիայի բոլոր շրջանների համար, ներառյալ հյուսիս-արեւելքը», — լրագրողներին ասել է բրիտանական օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, սպասվում է, որ Անգլիայում եւ Ուելսում երկու օրվա ընթացքում 30-ից 50 միլիմետր տեղումներ կլինեն, ինչն օգոստոս ամսվա ամսական նորման է։
Ապահովագրական ընկերությունների, ինչպես նաեւ տեխնիկական օգնություն ցուցաբերող՝ AA ընկերության ներկայացուցիչները բրիտանացիներին կոչ են արել մոտակա երկու օրերին ձեռնպահ մնալ մեքենայով ուղեւորություններից։ Նրանց կանխատեսումներով շաբաթ օրը ճանապարհներին իրավիճակն արդեն կբարելավվի։





























