Գերմանական Ամրում կղզում շշի մեջ ուղերձ է հայտնաբերվել, որը թվագրվում է 1904-ից 1906 թվերով եւ որը, ամենայն հավանականությամբ, ամենահինն է աշխարհում:
Շիշը, որը մաս է կազմել հարյուր շշից բաղկացած խմբաքանակի, XX դարի սկզբին հյուսիսային ծովն են նետել գիտնականները: Նրանք մտադիր էին հետեւել ծովային հոսանքների ուղղությանը:
Շշային ուղերձում խնդրանք կար գտածոն փոխանցել Մեծ Բրիտանիայի Ծովային կենսաբանական ընկերակցությանը` նշելով հայտնաբերման տեղը եւ վայրը:
Գտնողներին որպես պարգեւ վճարվելու էր մեկ շիլինգ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս ընկերակցությունը պատրաստվում է դիմել Գինեսի ռեկորդների գրքին` խնդրելով Ամրում կղզու գտածոն ճանաչել որպես ամենահինը շշի մեջ դրված ուղերձներից, որոնք հայտնի են այս պահի դրությամբ: Առայժմ ռեկորդը պատկանում է 1914 թվին ծովը նետված մի ուղերձի, որը գտնվել էր 99 տարի անց:





























