Եվրամիությունը Բելառուսի եւ Հայաստանի հետ համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում, որոնք այդ երկրներին եւ ԵՄ-ին ավելի պակաս չափով կմիավորեն, քան նախատեսված էր Ասոցացման մասին համաձայնագրով: Այս մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը:
«Մենք փնտրում ենք մի համակարգ, որի դեպքում չեն այրվի բոլոր կամուրջները: Մենք հասկանում ենք, որ Ասոցացման մասին համաձայնագիրը հնարավոր չէ, բոլորն էլ պատրաստ են ավելի թեթեւ, ավելի պակաս հիմնարար տարբերակ գտնել: Այս երկու երկրների պարագայում այդ հարցում բոլորն են համաձայն: Դա Ասոցացման մասին համաձայնագիր չէ: Դա մեկ մակարդակով ավելի պակաս կլինի, չեմ կարող ասել, թե ինչպես կկոչվի»,- այս մասին Ասելբորնը լրագրողներին ասել է ԵՄ անդամ-պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են Արեւելյան գործընկերության երկրների եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա նշել է, որ «այդ համաձայնագրում մաքսային արտոնություններ չեն լինի»: «Այնտեղ շատ բան չի լինի, բայց հիմա մենք միայն մշակում ենք այն»,- հայտարարել է նախարարը:
«Մենք առաջարկել ենք Հայաստանին, Հայաստանը դրական է պատասխանել: Բելառուսում նույնպես շարժումը ո՛չ բացասական ուղղությամբ է: Եվրոպան չպետք է բաց թողնի այդ երկրի հետ հարաբերություններում ի հայտ եկող հնարավորությունը: Պետք չէ մտածել ռեժիմի մասին, պետք է մտածել բնակչության մասին»,- հավելել է եվրոպացի նախարարը:
Արեւելյան գործընկերության ծրագրում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան: Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան 2014 թվականի հունիսին ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրեցին:




























