1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ջարդերից, որի ընթացքում տուժեցին հայ, հույն եւ հրեա համայնքները, 60 տարի է անցել: Դրանցից փրկված հրեական խանութը հիմա փակման եզրին է: Այս մասին գրում է թուրքական Today’s Zaman պարբերականը:
Իլյա Ավրամօղլուին պատկանոնղ Kelebek («Թիթեռ») անունով կանացի ներքնազգեստի խանութը դեռեւս 60 տարի առաջ բացել է նրա պապը՝ եղբոր հետ: Փոքրիկ խանութի փայտե պատերին 1955 թվականի իրադարձությունների մասին հիշեցնող փոսեր կան:
«1955-ի սեպտեմբերից հետո հույներին, հայերին եւ հրեաներին դուրս նետեցին Իստիկլալ փողոցից: Միայն մենք մնացինք: Իսկ հիմա ցանկանում են նաեւ մեզանից ազատվել»,- ցավով պատմում է Ավրամօղլուն:
Ստամբուլի կենտրոնի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ փոքրիկ առանձնատների, խանութների եւ սրճարանների փողոցը, շուտով անցյալում կմնա:
Արդեն ոչ երիտասարդ Ավամօղլուն դիաբետ եւ ճնշում ունի, փորձում է դիմանալ խոշոր խանութների մրցակցությանը եւ կաթոլիկ եկեղեցու հետ երկարատեւ վեճերին, որից վարձում է խանութի տարածքը: Նախկին հոգեւորականի հետ Ավրամօղլոն լավ հարաբերություններ ուներ, իսկ նորը ցանկանում է իրենց վտարել խանութից եւ նույնիսկ դատական հայց ներկայացնել հոր դեմ. փաստաթղթերով բիզնեսի տերն անկողնային հիվանդ ծեր տղամարդն է:
Եկեղեցին ցանկանում է Ավրամօղլուից բռնագանձել վարձույթի մասով կուտակված պարտքը, որը տղամարդը չի կարողանում վճարել: Արդյունքում ընտանիքը կարող է զրկվել իր տնից:
Ավրամօղլուների ընտանիքը Ստամբուլում մնացած հազվագյուտ հրեական ընտանիքներից է: Իլյա Ավրամօղլուից պահանջել են շենքը լքել 2014 թվականի նոյեմբերին, բայց քանի դեռ դատական գործընթացը չի ավարտվել, նա շարունակում է մնալ:
«Բայց եթե դուք այստեղ գաք մեկ տարի անց, հնարավոր է՝ այստեղ չլինեմ»,- ամփոփում է Ավրամօղլուն:





























