Ադրբեջանի Միլի Մեջլիսը «Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի որոշումը՝ կապված 2015 թվականի սեպտեմբերի 10-ի Եվրախորհրդարանի բանաձեւի հետ» անվանումով փաստաթուղթ է ընդունել: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
Դրանում ասված է, որ Եվրախորհրդարանի հայտնի բանաձեւը, իբր, Ադրբեջանի հանդեպ չափազանց կանխակալ բնույթ է կրում. «Փորձում են վնաս հասցնել Ադրբեջանի վարկանիշին եւ մեկուսացնել մեր երկիրը: Անցյալ տարվա սեպտեմբերից՝ այն ժամանակից, երբ այդ կառույցը սկսեց աշխատել նոր կազմով, Եվրախորհրդարանի որոշ անդամների մեղքով, այդ թվում՝ դրա նախագահի, Ադրբեջանին չհաջողվեց այդ կառույցի հետ երկխոսություն սկսել: Եվրախորհրդարանի պատգամավորներին եւ նախագահին ոչ պաշտոնապես արգելել են այցելել Ադրբեջան»:
Նշվում է նաեւ, որ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն աչք է փակում ձեռնասուն խմբերի գործունեության նկատմամբ. «Ներկայում Եվրոպայում միգրանտների, ռասիզմի եւ այլատյացության խնդիրը հասել է գագաթնակետին, խախտվում են միջազգային իրավարար նորմերը: Եվրախորհրդարանի բոլոր բանաձեւերում այնպես է ներկայացվում, իբր այդ բոլոր գործողությունները Եվրոպայում կատարվում են դատարանների որոշման հիման վրա: Սակայն որոշ ժամանակ առաջ ՄԻԵԴ-ը «Չիրագովների» գործով որոշում կայացրեց, որը դեռեւս չի իրականացվել: Նրանք հիմա արդեն փորձում են կասկածի տակ դնել Ադրբեջանում նախանշված ընտրությունների արդյունքները: Իսկ դա հակասում է ադրբեջանական ընտրողների կամքին: Միլի Մեջլիսը տեղեկացնում է Եվրախորհրդարանին, որ միշտ պաշտպանելու է մարդու իրավունքներն ու ազատությունները՝ հենվելով ժողովրդավարության սկզբունքների վրա: Հաշվի առնելով վերանշյալը՝ Միլի Մեջլիսը որոշում է կայացնում.
- Վերջ դնել Ադրբեջանի դեմ ապակառուցողական գործողություններին եւ կանխակալ արշավներին;
- Դադարեցնել Եվրախորհրդարանի վարկանիշին վնաս հասցնող գործունեությունը;
- Դադարեցնել ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը Եվրանեսթի ԽՎ-ի նիստերին;
- Նախարարների կաբինետին հանձնարարել, Ադրբեջանի պատասխանատու անձանց դեմ պատժամիջոցների կիրառման դեպքում, արգելել Եվրախորհրդարանի անդամների մուտքն Ադրբեջան»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը եւ կոչ անում, մասնավորապես, վերանայել ադրբեջանական մի շարք պաշտոնյաների դեմ հասցեագրված պատժամիջոցների հարցը, որոնք խախտում են այդ իրավունքները:





























