Սկանդալային Charlie Hebdo ամսագիրը մահացած սիրիացի փոքրիկի ծաղրանկարն է ստեղծել, որի մարմինը ջուրը թուրքական ափ էր դուրս բերել: «Lenta.ru»‎-ի փոխանցմամբ, դրանով ամսագիրը սուր քննադատության ալիք է բարձրացրել:

Ըտ «The Daily Mirror»-ի, ամսագրի շապիկին թուրքական ափին դեմքով ավազի մեջ թաղված մահացած երեխա է պատկերված՝ հետեւյալ մակագրությամբ. «Այդքան մոտ նպատակին»: Իսկ կողքին «ՄաքԴոնալդս»ի գովազդ է՝ հետեւյալ գրությամբ. «Երկու մանկական ճաշացանկ՝ մեկի գնով»:

Երկրորդ ծաղրանկարում, որը մակագրված է «Սա ապացույցն է այն բանի, որ Եվրոպան քրիստոնյա է», ջրի վրայով քայլող Հիսուսն է, ինչպես նաեւ գլխով դեպի ներքեւ լողացող մեռած տղան: Մակագրությունն այսպիսին է. «Քրիստոնյաները քայլում են ջրի վրայով, իսկ մահմեդական երեխաները խեղդվում են»:

Համացանցում մեկնաբանություններ են հայտնվել, որ ծաղրանկարն ապացուցում է «Ֆրանսիայի բարոյական անկումը», իսկ Ֆրանսիայի սեւամորթ իրավաբանների ընկերակցությունը սպառնացել է հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան: