Հայաստանի սահմանամերձ Բերդավան գյուղում բնակվող 14-ամյա Ադելան, որի մոտ օրերս կոկորդի ուռուցք է հայտնաբերվել, 2 ամիս առաջ նշիկների վիրահատության էր ենթարկվել Ալավերդու բժշկական կենտրոնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աղջկա համագյուղացի Աշխեն Ասլիկյանը, որն այսօր` սեպտեմբերի 15–ին, մասնակցում էր Երեւանի Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից այգում Ադելայի վիրահատության համար «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության կազմակերպած դրամահավաքին։

Ադելան մոտ 2 ամիս առաջ կոկորդի ու պարանոցի շրջանում ցավեր է ունեցել, բժշկի են գնացել ու նշիկները հեռացրել:

«Փաստորեն, էդտեղ ուրիշ բան էլ է եղել, որը բժիշկը չի նկատել»,- ասաց Աշխենը, որի խոսքով` վիրահատությունից հետո երեխայի վիճակը մոտ երկու ամիս նորմալ է եղել, մինչև հանկարծակի վատացել է ու արդեն չորս օր ծանր վիճակում պառկած է Երեւանի հիվանդանոցներից մեկում։

Աշխենը նշեց, որ Ադելան բավականին նիհարել է, ցանկություն ունի սնվելու, սակայն չի կարողանում սնունդը կուլ տալ: Մայրը նույնպես բավականին ընկճված վիճակում է:

Ադելային շտապ վիրահատություն է հարկավոր Մոսկվայում, որը կարժենա 15 000 դոլար։ Մայրը, որը միայնակ է մեծացնում աղջկան, վճարունակ չէ։ 3000 դոլար հատկացրել է Առողջապահության նախարարությունը, այսօրվա դրամահավաքի արդյունքում է հավաքվեց ընդամենը 600 դոլար։

Թեև սահմանամերձ բերդավանցիները հիմնականում սոցիալապես անապահով են, բայց ամեն մեկն իր կարողության չափով փորձում է օգնել աղջկան։ Այսօր Բերդավանում նույնպես դրամահավաք է անցկացվել։

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը կոչ արեց անտարբեր չմնալ եւ իրենց հնարավորության սահմանում օգնել Ադելային։

«Հաճախ ֆեյսբուքյան էջերում կարդում ես` գրում են, որ սահմանում կռիվ է, մենք Ձեր կողքին ենք, սա այն դեպք է, որ մենք փորձում ենք ապացուցել, որ մենք իրոք իրենց կողքին ենք»,- ասաց նա:

Ադելային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Converse Bank-ում բացված հաշվեհամարներին`

Ազատյան Սոնա

1930055397160100-AMD

1930055397160101-USD

1930055397160158-RUR

Կամ զանգահարել Ադելայի մոր հեռախոսահամարին՝ 098 12 54 13: