Հայաստանում Արգենտինայի դեսպանն ամենից շատ հմայված է Երեւանով: Սեպտեմբերի 15-ին երեւանյան «DoubleTree By Hilton» հյուրանոցում կայացած հարավամերիկյան երկրների զբոսաշրջանում թեմայով համաժողովի ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուրիոլաբեիտիան (լուսանկար):
Դեսպանի խոսքով, արդեն հասցրել է լինել Գառնիում, Գեղարդում, Խոր Վիրապում, Վայոց Ձորի մարզում, զբոսնել է Գյումրիում, եղել է Սեւանում, սակայն, ըստ նրա, ամենաշատը տպավորվել է Հայաստանի մայրաքաղաք Երեւանով: «Հայտնվում ես Երեւանումմ եւ հասկանում. այդպիսի այլ քաղաք աշխարհում չկա: Կան քաղաքներ՝ ավելի մեծ կամ փոքր, դինամիկ կամ հանգիստ, բայց Երեւանը միակն է որպես այդպիսին: Երեւանը դեմք ունի, գույն, բնավորություն: Ինձ շատ է դուր եկել Հանրապետության հրապարակը: Այն ներդաշնակությամբ եւ ջերմությամբ է շնչում»,- ասաց Գոնսալո Ուրիոլաբեիտիան:
Չնայած հայ եւ արգենտինացի ժողովուրդների տարբերություններին, ըստ դեսպանի, նրանց ընդհանուր արժեքներ ունեն. «Նկատի ունեմ ընտանիքն ու ընկերությունը: Հայերը, ինչպես եւ արգենտինացիները, լրջորեն են վերաբերվում ընտանեկան կապերին, թանկ են գնահատում ընկերական հարաբերությունները: Այդ պատճառով ես Հայաստանում զգում եմ՝ ինչպես տանը: Ինձ ջերմորեն են վերաբերվում, հարգում են իմ երկիրը, հրավիրում են սեղան նստել միասին»:
Բացի այդ, ըստ դիվանագետի, հաճելիորեն զարմացել է, թե ինչպես են հայերը պահպանում իրենց ինքնությունը, պայքարում իրենց մշակույթի համար եւ հարգում նախնիներին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի





























