Ֆինլանդիան չի պատրաստվում իր սահմանները փակել՝ երկիր փախստականների աճող հոսքի պատճառով: Այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է այդ երկրի ՆԳ նախարար Պետերի Օրպոն:
Նրա խոսքով, Ֆինլանդիան ԵՄ անդամ եւ Շենգենյան գոտու երկիր է, եւ շարունակելու է գործել դրան համապատասխան: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Helsingin Sanomat-ին:
Այստեղ չեն պատրաստվում փակել նաեւ հյուսիսային սահմանը, որտեղից ապաստան ստանալու խնդրանքով փախստականները Ֆինլանդիա են ժամանում Շվեդիայի կողմից:
Ֆինն նախարարը նաեւ հայտարարել է, որ Խորվաթիայի հետ սահմանին արգելապատնեշ կառուցելու՝ Հունգարիայի որոշումն անընդունելի եւ անմարդկային է:
Ֆինլանդիայի ՆԳՆ գնահատականներով, այս տարի կարող է մինչեւ 30 հազար փախստական ժամանել Ֆինլանդիա: Ներկայում երկրում միգրանտների ընդունման 22 մշտական եւ 2 ժամանակավոր կենտրոն կա: Դրանցում արդեն ավելի քան 9 հազար մարդ կա:




























