ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կ.Մարտիրոսյանը Սիլիկյան թաղամասի 11-րդ փողոցում ավտոմեքենան արագ վարելու կապակցությամբ նույն փողոցի բնակիչ Ռ.Մելքոնյանի կողմից ստացել է դիտողություն։
Տղայի հայրը եւ երկու հորեղբայրները՝ Հրաչյա, Հրանտ եւ Աշոտ Մարտիրոսյանները, նշված դիտողությունն ընդունել են որպես իրենց անձն ու ինքնասիրությունը ոտնահարող հանգամանք եւ հասարակության մեջ՝ Սիլիկյան թաղամասի բնակիչների շրջանում, իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հանրային վայրում ցուցադրական կերպով անտեսելով համակեցության կանոնները՝ ցանկացել են Ռազմիկ Մելքոնյանից հաշվեհարդար տեսնել եւ դրանով իսկ հասարակության շրջանում վախի զգացողություն առաջացնել։
Մասնավորապես՝ հուլիսի 09-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Մարտիրոսյան եղբայրներն այցելել են Ռազմիկ Մելքոնյանի տուն, թեեւ համոզվելով, որ վերջինս տանը չէ՝ շարունակել են իրենց հանցավոր մտադրությունները եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել խուլիգանություն, ինչը զուգորդվել է անձի նկատմամբ բռնության գործադրմամբ, ուրիշի գույքի ոչնչացմամբ։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրաչյա, Հրանտ եւ Աշոտ Կառլենի Մարտիրոսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ քրեական գործն ուղարկվել է դատարան։




























