Հայաստանի սահմանամերձ Բերդավան գյուղում բնակվող 14-ամյա Ադելայի վիճակը փոքր-ինչ բարելավվել է: Աղջիկը, որի մոտ օրերս կոկորդի ուռուցք էր հայտնաբերվել, դեղորայքային բուժման շնորհիվ այժմ կրկին կարողանում է կոշտ սնունդ ուտել եւ հեղուկ խմել: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ աղջնակի բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո։
«Երեխան արդեն մի քանի օր է, ինչ բուժվում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Տնօրինության կողմից հրավիրվել են հանրապետության առաջատար բոլոր նյարդավիրաբույժները, ծնոտային վիրաբույժները և բազմաթիվ այլ մասնագետներ։ Կազմակերպվել են կոնսիլիումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում` համակարգչային շերտագրում։ Արդյունքում որոշվել է երեխայի բուժման տակտիկան: Կատարվել է պարանոցի արտաքին ֆիքսում Նա մասնագետների մշտական ուշադրության կենտրոնում է»,- ասվում է ԱՆ մամուլի հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադելային շտապ վիրահատություն է հարկավոր Մոսկվայում, որը կարժենա 15 000 դոլար։ Մայրը, որը միայնակ է մեծացնում աղջկան, վճարունակ չէ։ 3000 դոլար հատկացրել է Առողջապահության նախարարությունը, իսկ սեպտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքում ընդամենը հավաքվել է 600 դոլար:
Ադելային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Converse Bank-ում բացված հաշվեհամարներին`
Ազատյան Սոնա
1930055397160100-AMD
1930055397160101-USD
1930055397160158-RUR
Կամ զանգահարել Ադելայի մոր հեռախոսահամարին՝ 098 12 54 13:




























