ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից Սարսանգի ջրամբարի մասին ընդունած հերթական հակահայկական զեկույցն ընդամենը ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների կողմից նախաձեռնած հակահայկական արշավի եւ նրանց շահերին աջակցող պատգամավորական խմբի աշխատանքի արդյունք է։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը։
Հարցին, թե ինչու չի հաջողվում հայկական պատվիրակությանը պաշտպանել մեր շահերը, Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է, որ եղել են էպիզոդներ, որտեղ ուժերը կենտրոնացնելով՝ կարողացել են չեզոքացնել վտանգներ, նեգատիվ նախաձեռնություններ։
«Հայկական պատվիրակությունը այս մեկ տարվա ընթացքում աշխատանքներ է ծավալել, որոնք տարբեր ժամանակներում տարբեր բովանդակություն են ունեցել։ Երեկ էլ․ այսօր էլ շարունակվում են։ Ես այնքան էլ համաձայն չեմ այն կարծիքների հետ, որ երբեմն հնչում են, մանրակրկիտ ուսումնասիրում եմ ու փորձում եմ բոլոր կարծիքների մեջ առողջ հնարավորությունը հաշվի առնել ու կիրառել մեր գործունեության մեջ, ամենայն անկեղծությամբ ուզում եմ վստահեցնել, որ բոլորը արված են եւ արվում են մեծ ծավալով, քան դուք պատկերացնում եք»,-ասել է Հերմինե Նաղդալյանը՝ շեշտելով, որ չեն բոյկոտելու հունվարյան նիստը, քանի որ այն հարցի լուծման լավագույն տարբերակը չէ։
«Պատվիրակությունը չի քննարկում բոյկոտի թեման, որովհետեւ այսօր պատվիրակությունը իրագործում է աշխատանքային ընթացիկ խնդիրները եւ փորձում է գտնել այն ռեզերվները, որոնք կարող են մեզ համար օգտակար լինել ու թույլ տալ լիագումար նիստի ժամանակ որոշակիորեն ներառել գործընթացի մեջ։ Բոյկոտի որոշում կարելի է կայացնել միայն այն դեպքում, երբ տեսնենք, այլ ռեզերվ չունենք»։
Նաղդալյանը կրկին շեշտել է, որ իրենց խմբակցությունում պատվիրակության կազմը փոփոխելու հարց չի քննարկվում։
«Մենք պատրաստվում ենք աշխատել բոլոր պատվիրակների, բոլոր երկրների ներկայացուցիչների հետ գրավոր եւ բանավոր։ Պատվիրակության, ԱԳՆ ուժերով, ինչպես նաեւ Սփյուռքի ներկայացուցիչներով։ Մենք շարունակելու ենք այդ աշխատանքը, բայց նոր ռազմավարության մասին այս մասին մամուլով թույլ տվեք հայտարարություն չանել»։





























