Այն ինչ կատարվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկա աշխարհաքաղաքական իրադարձությունների հետեւանքն է: Այս մասին նոյեմբերի 24-ին «Ղարաբաղյան հարց. Հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները »թեմայով քննարման ընթացքում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիդ Շահնազարյանը՝ նկատի ունենալով ԵԽԽՎ շրջանակում ընդունված միակողմանի ու հայկական կողմի համար անընդունելի զեկույցները: Քննարկումը կազմակերպել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահությունը:

Դավիդ Շահնազարյանի խոսքով, Հայաստանի համար ԵԽԽՎ –ում աշխատանքի դաշտ կա. «Մենք միջազգային իրավունքի տեսակետից բավականին լուրջ փաստարկներ ունենք, որպեսզի դադարենք պաշտպանվել: Եկել է ինչ -որ գործընթացներ նախաձեռնելու ժամանակը: Պետք է հանդես գալ նախաձեռնություններով, շատ լավ հասկանալով, որ դրանք չեն ընդունվի»,- շեշտել է Դավիդ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերով հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ընդունվել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցը՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Զեկույցը բավականին սուբյեկտիվ ու միակողմանի անվանում ունի «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններին միտումնավոր զրկում են ջրից»: Մինչ այդ ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովում հաստատվել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը: Երկու զեկույցն էլ քննարկման են դրվելու 2016 թ. հունվարին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: