ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին հաջողվել է համաձայնության գալ ահաբեկչության դեմ պայքարի եւ մի շարք այլ փաստաթղթերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը, հաղորդում է ТАСС–ը։

«Մենք գոհ ենք, որ չնայած տարաձայնություններին ու բեւեռացմանը, կարողացանք ընդունել մի շարք կարեւոր որոշումներ»,– ասել է նա։ Այդ թվում նա առանձնացրել է ահաբեկչության, թմրաշրջանառության, բռնության եւ ահաբեկչության տանող էքստրեմիզմի դեմ պայքարի ոլորտներում ընդունված որոշումները։

Դաչիչի խոսքով` ֆորումի ընթացքում մասնակիցները «աջակցություն են հայտնել ԵԱՀԿ մշտական ջանքերին` ուղղված անդրազգային սպառնալիքների, ինչպես նաեւ ԵԱՀԿ տարածաշրջանին առնչվող այլ սպառնալիքների եւ մարտահրավերների լուծմանը»։

Ահաբեկչության դեմ պայքարի ամփոփիչ հռչակագիրը նախաձեռնել էր Ռուսաստանը։