Ամերիկացուն մինչեւ 10 տարվա կալանք եւ 250 հազար դոլար տուգանք է սպառնում՝ օդանավում ռումբի մասին կեղծ ահազանգի համար, հաղորդում է CBS Denver-ը։
FBI-ը ձերբակալել է 20-ամյա Քեմերոն Քորֆին այն բանից հետո, երբ վերջինս Սան Դիեգոյից Դենվեր թռիչքի ընթացքում բորտուղեկցրոդուհուն հայտնել էր, թե զուգարանում գրություն է գտել, համաձայն որի ինքնաթիռում ռումբ կա։ Ինքնաթիռն իջեցվել է օդանավակայանի մեկուսացված հատված։ Ուղեւորները տարհանվել են, սակայն ռումբ չի գտնվել։ Քորֆին մատնել են նրա ձեռագիր ցուցմունքները։ Քննիչները նկատել են գրության ձեռագրի հետ նմանությունը։
Ավելի ուշ Քորֆը խոստովանել է, որ ինքն է գրել գրությունն ու զուգարանում թաքցրել։ Իր արարքը նա բացատրել է «բժշկական խնդիրներով» եւ «օգնություն ստանալու փորձով»։ Բացի այդ, նա հայտնել է նաեւ մերկապարուհու եւ թմրանյութերի հետ կապված իր «հանցագործ անցյալի» մասին։ Պարզվել է՝ Քորֆը նախկինում մի քանի անգամ ձերբակալվել է ոստիկանության, հրշեջ եւ շտապ օգնության ծառայություններիր հետ նման «խաղերի» պատճառով։



























