Փարիզի համաձայնագրի վավերացումն արտահայտում է համաձայնագիրը կենսագործելու եւ կլիմայական շեղումների  դեմ պայքարելու Հայաստանի հանձնառությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին՝  անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից Փարիզի համաձայնագրի վավերացմանը:

«Ուրախ եմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ վավերացրեց կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը: Վավերացումն արտահայտում է համաձայնագիրը կենսագործելու եւ կլիմայական շեղումների  դեմ պայքարելու  Հայաստանի հանձնառությունը` միտված կայուն եւ ներառական զարգացմանը»,-նշել է դեսպանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 9-ին, Ազգային ժողովը վավերացրել է ՀՀ նախագահի ներկայացրած Փարիզյան համաձայնագիրը, որն ընդունվել էր 2012-ի դեկտեմբերի 12-ին: Համաձայնագիրը վավերացվել է միաձայն՝ 93 կողմ ձայներով:

Հիշեցնենք, որ Փարիզյան համաձայնագիրը ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ընդունված եւ 2020 թվականից մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի նվազեցման միջոցառումները կարգավորող համաձայնագիր է: Այն պատրաստվել է Փարիզում կլիմային նվիրված համաժողովի ընթացքում՝ Կիոտոյի արձանագրության փոխարեն, կոնսենսուսով ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին, իսկ ստորագրվել է 2016-ի ապրիլի 22-ին: