Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հրթիռը շուրջ 500 կմ է անցել: Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ այն կարող էր 2.5-4 հազար կմ հեռահարության «Մուսուդան» տիպի հրթիռ լինել:

Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղար Յոսիհիդե Սուգին հայտարարել է, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովի ակվատորիայում, սակայն չի հասել ճապոնական տնտեսական գոտի:

«Ճապոնիային հասցված ոչ մի վնաս այս պահի դրությամբ չի արձանագրվել: Բայց դա լուրջ խնդիր է տարածաշրջանում թռիչքների անվտանգության ապահովման տեսանկյունից: Հյուսիսկորեական կրկնվող սադրանքներն անթույլատրելի են: Մենք վճռական բողոք ենք հայտնում»,- հայտարարել է ճապոնացի պաշտոնյան՝ հավելելով, որ հրթիռի արձակումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի ուղղակի խախտում է: