Լիբիայում հակամարտող կողմերի առաջնորդները՝ ազգային միասնության կառավարության ղեկավար Ֆայեզ աս-Սարաջը եւ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը համաձայնություն են ձեռք բերել 2018 թվականին խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման շուրջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Եգիպտոսի զինված ուժերը:

Լիբիայում քաղաքական դիմակայությունը հաղթահարելու համար Եգիպտոսի կազմակերպած բանակցություններն անցկացվել են Կահիրեում:

Ընտրությունների անցկացման ժամկետից բացի՝ ձեռք բերված համաձայնության փաստաթղթով ենթադրվում է, որ Լիբիայի արեւելքում խորհրդարանի պատգամավորներից եւ Գերագույն պետական խորհրդի անդամներից կազմված համատեղ հանձնաժողով է ստեղծվելու, որը պետք է համաձայնեցնի սահմանադրական հռչակագրում համապատասխան փոփոխությունների համար անհրաժեշտ օրենսդրական ակտերը:

Կողմերը նաեւ պայմանավորվել են չանդրադառնալ Լիբիայում ձեւավորված ստատուս-քվոյին. կառավարությունների բարձրագույն ղեկավարները կշարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնները՝ «մինչեւ անցումային ժամանակաշրջանը եւ 2018 թվականին նոր խորհրդարանի ու նախագահի պաշտոնավարումը»: