Եվրամիության ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին մտահոգված է ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդի դերի հնարավոր կորստով: Այս մասին նա հայտարարել է Die Welt-ի հետ զրույցում՝ ներկայացնելով անցյալ շաբաթ Վաշինգթոն կատարած այցը:
«Ես դեռեւս երբեք ԱՄՆ-ն այդքան բեւեռացված եւ տարաբաժանված, առճակատումներով ծանրաբեռնված չեմ տեսել, ինչպես հիմա: Սակայն նա, ով ցանկանում է համաշխարհային առաջնորդի դեր կատարել, պետք է ներքուստ ուժեղ, ինքնավստահ եւ համախմբված լինի»,- ասել է նա:
«Եթե աշխարհի ամենախոշոր ժոողովրդավարական երկիրը նման մակարդակի լարվածություն է ցուցադրում, ապա ամբողջ աշխարհի համար կարող է ապակայունացնող գործոն դառնալ»,- հավելել է Մոգերինին:
Նրա խոսքով՝ ապագայում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ կգերակայեն պրագմատիկ հարաբերությունները: «Մեր հարաբերություններում մոտենում ենք նոր փուլի: Ստիպված ենք շոշափել յուրաքանչյուր թեմա՝ հասկանալու համար, թե ինչում ենք նման: Բայց դա ողբերգություն չէ»,- կարծում է Մոգերինին:



























