Twitter-ում թեժ քննարկումներ են սկսվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հրապարակած լուսանկարից հետո, հաղորդում է Informing-ը։

Վիճահարույց լուսանկարում ԱՄՆ նախագահի դուստրը նստած է Օղակաձեւ աշխատասենյակում։ Այդ ֆոնին նրա կողքին կանգնած են Դոնալդ Թրամփն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Լուրջ քննարկում երկու համաշխարհային առաջնորդների հետ՝ սեղանի շուրջ տեղ ունեցող կանանց կարեւորության մասին», - մակագրել է Իվանկան լուսանկարը։

Պետք է նշել, որ ավանդաբար Օղակաձեւ աշխատասենյակի սեղանը գլխավորում է Ամերիկայի նախագահը։ Եւ շատ օգտատերեր շտապել են Իվանկային հիշեցնլ այդ մասին։ Օգտատերերից ոմանք էլ նշել են, թե նա պետք է հանգստի այլ վայր փնտրի։

«Որքան հաճախ վարչակազմում  «դստերդ բեր աշխատանքի» օրեր կանցկացվե՞ն», - հարցնում է  @bobclendenin անվամբ օգտատերը։

Իսկ ինչ-որ մեկն էլ կշտամբել է Իվանկային, որ ինքը ոչինչ չի արել այդ սեղանի շուրջ նստելու համար, այլ՝ միայն ծնվել է հարուստ հորից։

Սակայն ոմանք էլ կարծում են, որ այդ լուսանկարը կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման մասին քննարկման ադեկվատ շարունակությունն է։ 

«Ես հույս ունեմ՝ դուք գիտեք, որ ԱՄՆ-ի բոլոր կանայք հիանում են ձեզանով։ Անտեսեք բոլոր ձեզ ատողներին», - նախագահի դստերը խորհուրդ է տվել @nenaavaritt-ը։