Սոցիալական գործերով իսպանական դատարանը որոշել է, որ ընկերություններից մեկի աշխատակիցը, որի գրասենյակը գտնվում է Փալմա դե Մալյորկա օդանավակայանում, կարող է աշխատանքի ներկայանալ հիջաբով, հայտնում է «Ա-բե-սե» պարբերականը:
Անա Սաիդի Ռոդրիգեսը համոզված մուսուլման է եւ 2007 թվականից «Ակսիոնա» ընկերությունում աշխատում է ուղեւորների սպասարկման ծառայությունում: Նա առաջին անգամ հիջաբով աշխատանքի է եկել 2015-ի վերջին: Սկզբում նրա պետը դա թույլ է տվել, բայց խորհրդակցելով ընկերության համապատասխան դեպարտամենտի հետ՝ արգելել է, քանի որ դա արձանագրության խախտում է, որը կարգավորում է աշխատակիցների հագուստի ձեւը:
Կինը դատարան է դիմել, քանի որ համոզված էր, որ ընկերությունը խախտել է իր դավանանքի ազատության իրավունքը: Դատաքննության ժամանակ ընկերության փաստաբանը հայտարարել է, որ ընկերության կողմից կրոնական պատկերացումների հիմքով խտրականություն չի կատարվել՝ ընդգծելով, որ կորպորատիվ արձանագրության համաձայն ընկերության աշխատակցուհիները պետք է հագնեն հատուկ համազգեստ: Չնայած փաստաբանի փաստարկներին, դատարանը որոշել է, որ դավանանքի ազատությունը «չի կարող սահմանափակվել, այն դեպքերից բացի, որոնք ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, բարոյականության պահպանման կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանման համար»:
Այժմ ընկերությունն իր աշխատակցուհուն պետք է 8 հազար եվրո վճարի պատճառած բարոյական վնասի համար, նաեւ 4,5 հազար աշխատավարձը, որը նա ժամանակին չի ստացել: Դատարանի որոշումը վերջնական չէ եւ կարող է բողոքարկվել:




























