Աճուրդի է հանվել նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերին պատկանած կարմիր հեռախոսը, հաղորդում է BBC-ն։

Աճուրդն այս հանգստյան օրերին տեղի կունենա ԱՄՆ-ում։ Հեռախոսը, որի հետնամասում փորագրված է Հիտլերի անունն ու նացիստական խորհրդանշանը, 1945-ին գտնվել է Բեռլինի նրա բունքերում։

Այն գտել են խորհրդային զինվորները, ապա փոխանցել բրիտանացի բրիգադային գեներալ Ռալֆ Ռեյներին։ Հեռախոսը վաճառում է Ռեյների որդին։

Աճուրդը տեղի կունենա Մերիլենդ նահանգի Չեսափիք Սիթի քաղաքում։ Հեռախոսի նախնական արժեքը 100 հազար դոլար է։ Սակայն կազմակերպիչները հույս ունեն դրա համար մոտ 300 հազար դոլար ստանալ։