Շվեդիայի Շելեֆտեո քաղաքում տերը գտել է 9 տարի առաջ կորած կատվին, հայտնում է The Local-ը:

26-ամյա Ջեք Նորհեյմը նշել է, որ դեռահասության տարիներին իր էռնեստ կատվից չէր բաժանվում: Սակայն 2008 թվականին նա մի օր այլեւս տուն չի վերադարձել:

Հաղորդվում է, որ Ջեքը Նորվեգիա է տեղափոխվել, ամուսնացել, որդի ունեցել եւ հայրենի քաղաք է վերադարձել մեկ տարի առաջ:

Մեկ շաբաթ առաջ Ջեքին են զանգահարել կենդանիների ապաստարանից եւ հայտնել, որ չիփով կատվի են հայտնաբերել, որում տիրոջ մասին տեղեկություններ կան:

«Ես ծիծաղում ու արտասվում էի, լիովին համոզված էի, որ ինչ-որ սխալ է տեղի ունեցել: Բացարձակ անհավանական էր թվում, որ Էռնեստը մեզ մոտ կվերադառնա 9 տարի հետո»,- ասել է նա:

Պարզվել է, որ Էռնեստը չէր փախել տանից հեռու, նա ապրել էր քաղաքին մերձակա գյուղում՝ տարեց զույգի մոտ, բայց երբ նրանք վախճանվել էին, կատուն ապաստարանում էր հայտնվել:

«Երկար ժամանակ ես կասկածում էի, բայց հենց նրան տեսա, ոչ մի կասկած չմնաց»,- ասել է Ջեքը:

Էռնեստը հիմա ապրում է Ջեքի, նրա կնոջ եւ երկամյա որդու հետ: