ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի կողմից Արցախում տարածքային եւ տեղեկատվական-վերլուծական կենտրոններ ստեղծելու առաջարկը: Նման տեսակետ Բակո Սահակյանը հայտնել է նոյեմբերի 10-ին, ընդունելով Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ կենտրոնները մեծապես կնպաստեն ԼՂՀ-ում առողջապահության համակարգի զարգացմանը, այս ոլորտում կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը: