Մարդկային զարգացման համաթվով (ՄԶՀ) Հայաստանը 169 երկրների շարքում զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Այս մասին նշված է «Ազգերի իրական հարստությունը. մարդկային զարգացման ուղիներ» վերնագրով 2010թ.-ի Մարդկային զարգացման զեկույցում: Այն նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացրեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգին։

Ըստ այդմ, 2010թ.-ի ՄԶՀ հինգ առաջատարներն են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը եւ Իռլանդիան: ՄԶՀ 169 երկրների վարկանիշային սանդղակի ամենացածր հորիզոնականներում են հաջորդաբար. Մոզամբիկը, Բուրունդին, Նիգերը, Կոնգոն եւ Զիմբաբվեն:

Հայաստանը ՄԶՀ 0.695 արժեքով 169 երկրների մեջ զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Ռուսաստանը 65-րդն է, Ադրբեջանը` 67-րդ, Իրանը` 70-րդ, եւ Վրաստանը` 74-րդ տեղերում: Թուրքիան ՄԶՀ վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 83-րդ տեղը:

Ըստ ՄԶՀ առանձին գործակիցների, այնպիսիք ինչպիսին են կյանքի ակնկալվող տեւողությունը, կրթության ընդգրկվածությունն ու գրագիտության աստիճանը, եւ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի չափը, ապա Հայաստանի ցուցանիշները, ոչ մեծ տարբերություններով, մոտ են հարեւան երկրների ցուցանիշներին: Կյանքի ակնկալվող տեւողության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Հարավային Կովկասի մյուս երկրներին: Կրթության ընդգրկվածության ցուցանիշով Հայաստանը մոտ է Վրաստանին եւ Ադրբեջանին, սակայն զգալիորեն առաջ է Իրանից եւ Թուրքիայից: Հայաստանը հետ է մնում հարեւաններից, բացի Վրաստանից, իր քաղաքացիների բարեկեցության ցուցանիշով: Համեմաատության համար նշենք, որ եթե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում ու Վրաստանում համապատասխանաբար կազմում է 5495 եւ 4902 ԱՄՆ դոլար, ապա Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում` 8747, 11764 եւ 13359 ԱՄՆ դոլար:

Դիրք Բոբերգի խոսքով, զեկույցում նշվում է, որ 1970թ.-ից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել 135 զարգացող եւ զարգացած երկրներում. Կյանքի միջին տեւողությունը 59-ից աճել է մինչեւ 70 տարի, կրթության ընդգրկվածությունն աճել է 55-ից մինչեւ 70 տոկոս եւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը կրկնապատկվել է հասնելով ավելի քան 10.000 ԱՄՆ դոլարի:

Հսկայական եւ համատարած առաջընթաց է գրանցվել կրթության ոլորտում` արտացոլելով ոչ միայն բարելավումները դպրոցական կրթության ընդգրկվածության, այլ նաեւ տղաների եւ աղջիկների կրթության հավասար հասանելիության առումով: Առաջընթացը եկամտի առումով տարբեր է, եւ զարգացող ու զարգացած երկրների միջեւ առկա բաժանարար գիծը դեռեւս պահպանվում է: Առաջընթաց է գրանցվել նաեւ մարդկանց` առաջնորդներ ընտրելու իրավունքի ընդլայնման, հանրային որոշումների ընդունման վրա ունեցած ազդեցության գործում:

Սակայն միտումները միշտ չէ, որ ամբողջովին դրական են եղել: Վերջին 40 տարիների ընթացքում զարգացող երկրների մեկ քառորդն ականատես եղավ մարդկային զարգացման համաթվի (ՄԶՀ) աճին ավելի քիչ քան 20 տոկոսով, մյուս քառորդը` ավելի քան 65 տոկոսով: Որոշ երկրներ ապրեցին լուրջ հետընթաց, հատկապես կապված առողջության հետ, երբեմն նույնիսկ մի քանի տարիների ընթացքում ոչնչացնելով տասնամյակների ձեռքբերումներ: Տնտեսական աճը ծայրահեղ անհամաչափ է, եւ վերջին համաշխարհային ճգնաժամը մեկ այլ հետընթաց էր շատերի համար, հատկապես այն մարդկանց, ովքեր կորցրեցին իրենց աշխատանքը: