Իսրայելի Հայֆա քաղաքի մերձակայքում սկիզբ առած լայնամասշտաբ հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Beyazgazete-ն։

Նշենք, որ հակաիսրայելական խիստ պահվածքով հայտնի Էրդողանն անձամբ հրահանգել է 2 հրդեհ հանգցնող օդանավ ուղարկել Իսրայել՝ մասնակցելու Հայֆա քաղաքում սկիզբ առած լայնամասշտաբ հրդեհի մարմանը:

Ինչպես տեղեկացրել էր թուրքական Milliyet-ը, Թուրքիայի վարչապետն այս որոշումը կայացրել է ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի եւ պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ Իսրայելի Հայֆա քաղաքին կից անտառներում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել է 40 հոգի, տարհանվել` 15 հազարից ավել մարդ:

 Նախօրեին Հայֆայի մերձակայքում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել էին 40 մարդ: Բանտային վարչության աշխատակիցների տեղափոխող ավտոբուսը շրջվել էր, եւ մարդիկ հայտնվել էին կրակի ճիրաններում:

Իսրայելական իշխանությունները տարածքից մոտ 13 հազար մարդ են տարհանել: Տարհանվածների մեջ նաեւ բանտի պաղեստինցի դատապարտյալներ եւ հոգեբուժարանի 200 հիվանդներ կան:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, թե շարունակելու են տարհանումը՝ խուսափելու համար նոր զոհերից: