Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին:

Վարչապետը  համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին  առաջարկել է համատեղ աշխատել եւ  ներկայացնել  հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի,  բնակելի շենքի եւ այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝  գործող գներով  հաշվարկման նոր կարգի նախագիծ:

Նման հաշվարկները հիմք կծառայեն պետական եւ համայնքային  բյուջեների  արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաեւ  մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից: