Հայաստանում լոլիկի եւ ձմերուկի գների բարձրացումը պայմանավորված էր աննորմալ բարձր ջերմաստիճանով, երբ առանձին օրերին +42 աստիճան էր գրանցվում: Նման կարծիք օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փորձագետ, ֆերմեր Հարություն Մնացականյանը:
Այսպիսի շոգ եղանակը բացասական ազդեցություն է ունեցել լոլիկի եւ ձմերուկի վրա, ընդ որում, վերջիններիս դեպքում տեղական շուկայում նույնիսկ դեֆիցիտ էր ձեւավորվել: Մինչդեռ, ըստ փորձագետի, ներկայումս այդ մշակաբույսերի գների կայունացում է նկատվում:
«Հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսական սեզոնը վերջանում է եւ աստիճանաբար շուկա է դուրս գալու ջերմոցային արտադրանքն աստիճանաբար դուրս է գալու շուկա, գների հետագա աճ ես չեմ կանխատեսում: Կարծում եմ, որ այս աշնանը շուկայում առկա իրավիճակը նույնն է լինելու, ինչ՝ անցյալ տարի: Լոլիկի դեպքում նույնիսկ գների որոշակի նվազում է հնարավոր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ ցանքատարածությունների կրճատումը կարող է բանջարեղենի գների բարձրացման հանգեցնել, ապա Մնացականյանը նկատեց, որ այս հանգամանքը չի կարող մեծ ազդեցություն ունենալ, քանի որ շուկայում դեֆիցիտային մթերքներ ներմուծելու հնարավորություն կա: Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց գյուղատնտեսության նախարարության կողմից գյուղացիների կողմից օգտագործվող թունաքիմիկատների վերահսկմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ դա թույլ կտա խուսափել իրավիճակներից, երբ բանջարեղենի որոշ տեսակներում (օրինակ՝ կարտոֆիլում) թունաքիմիկատների գերազանցում է գրանցվում:
Նշենք, որ, չնայած գյուղացին ամեն ինչի համար բացատրություն ունի եւ գների աճը նա չի նկատել, օբյեկտիվ իրականությունը խոսում է գյուղատնտեսական բոլոր ապրանքների գների զգալի աճի մասին: Պաշտոնական վիճակագրությունը խոսում է ցանքատարածությունների կրճատման մասին, ընդ որում՝ զգալի մասշտաբներով:




























