Օգոստոսի 26-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը Արցախի Հանրապետության գործընկեր Նարինե Աղաբալյանի, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակիցների, ինչպես նաեւ Արցախի դպրոցի տնօրենների հետ։

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հայկական երկու պետությունների հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր, նոր ուսումնական տարվա մեկնարկին  ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն ու ոլորտի բովանդակային խնդիրները:

Նախարար  Արայիկ Հարությունյանն այս օրերին օգոստոսյան խորհրդակցություններ է անցկացնում ՀՀ մարզերում, եւ Արցախ այցելությունը կարեւորվում է կրթական երկու համակարգերի առավելագույն ինտեգրման համատեքստում։

Քննարկման վերջում Նարինե Աղաբալյանը Արայիկ Հարությունյանին պարգեւատրել է Արցախի անկախության 30-ամյակի հուշամեդալով։