Չինաստանի հյուսիս-արեւելքում աշակերտներին վրաերթի   ենթարկած տղամարդը հանցագործությունը կատարել է կնոջ հետ վեճի պատճառով հուսահատվելու արդյունքում, այս մասին ասվում է Ցզյանչան գավառի կուսակցական կոմիտեի քարոզչական բաժնի հաղորդագրությունում,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի մոտ 12:00-ին, Խուլուդաո քաղաքի տեղական դպրոցներից մեկի դարպասների մոտ:

Audi մակնիշի սեւ մեքենան բարձր արագությամբ մխրճվել է ճանապարհն անցնող դպրոցականների խմբի մեջ: Վերջին տվյալներով դեպքի արդյունքւոմ 5 մարդ մահացել է, եւս 19-ը՝ տուժել, նրանցից 3-ը ծանր վիճակում են: Ոստիկանությունը կալանավորել է վարորդին, որը փորձում էր փախուստի դիմել:

«Հանրային անվտանգության վարչության ստուգման արդյունքում պարզվել է, որ 29-ամյա Հան ազգանունով  կասկածյալը Ցզյանչան շրջանի գործազուրկ բնակիչ է: Կնոջ հետ վերջերս տեղի ունեցած վեճի պատճառով նա հուսահատվել է», - ասված է հաղորդագրությունում: